Արցախում պետք են կադրային լուրջ փոփոխություններ, որը պլանավորել է երկրի նախագահը եւ կոնկրետ մենք՝ այսօր հրաժարականի դիմում ներկայացնողներս, օգնում ենք նախագահին ավելի արագ իրականացնել այն պայմանավորվածությունը, որը կար: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին:

Նրա խոսքով, հանրության մոտ կա ձեւավորված պահանջ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով. «Վերջին մի քանի ամիսներին, հատկապես Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախի ժողովրդի մոտ եւս ձեւավորվեց փոփոխությունների պահանջ: Իհարկե, մեզ մոտ ժողովրդավարական արժեքների զարգացման առումով լուրջ առաջընթաց ենք արձանագրել, բայց այդ իրադարձությունները բերեցին նրան, որ պահանջն Արցախում ավելացավ եւ իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ պարտավոր է հաշվի առնել դա»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ վերջին մեկ ամսում Արցախի նախագահի հետ քննարկել են, թե ինչպիսի բարեփոխումներ պետք է իրականացնել, որը թույլ կտա վստահություն ներշնչել հասարակությանը, թույլ կտա իրականացնել ճիշտ բարեփոխումներ, առաջին հերթին քաղաքացիական հասարակարգի զարգացման ճանապարհին:

«Բոլոր քննարկումների ժամանակ հիմքում դրվում էր կադրային լուրջ փոփոխությունների հարցը: Մայիսի վերջին արդեն նախագահը դրել էր կադրային լուրջ փոփոխությունների հիմքը, որը պետք է շարունակվեր, բայց տեղի ունեցան զարգացումներ կենցաղային հողի վրա, որը բերել է հանրության նոր պահանջների, բայց որը ընդգրկված էր բարեփոխման ընդհանուր քաղաքականության մեջ:

Ընդամենը 2 օր առաջ հանրահավաքում հայտարարել եմ, որ այն, ինչ պատրաստվում է անել երկրի նախագահը, ձեր ներկայացրած պահանջը դրա մի փոքր մասն է: Նախագահը ցուցարարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ժամանակ է պետք, որ իրականացնենք այնպիսի կադրային փոփոխություններ, հետագայում կատարել փոփոխություններ նաեւ պետական համակարգում, որը բերելու է նաեւ քաղաքացիական հասարակության զարգացման, բավարարելու է ոչ միայն այդ արդարացի դժգոհող խմբին, այլեւ ժողովրդին»,-ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ հրաժարականի գլխավոր պատճառը այդ բարեփոխումներն են եղել. «Հաշվի առնելով, որ ղեկավարում եմ ամենախոշոր քաղաքական ուժը, որը պետք է ավելի մեծ դերակատարություն ունենա այդ բարեփոխումների ընթացքում, որը պետք է կապող օղակ լինի հասարակության եւ իշխանությունների միջեւ, գնալու եմ կատարելու այդ առաքելությունը: Այսինքն պաշտոնս թույլ չէր տալիս իրականացնել այն, ինչ ուզում եմ: Ղեկավարելով «Ազատ հայրենիք» կուսակցությունը, նպաստելու ենք նախագահի կողմից իրականացնող բարեփոխմանը»,-իր խոսքն ամփոփեց նա: