Թուրքիայի իշխանությունները մեկ միլիոն դոլար են տրամադրել իսրայելցի զբոսաշրջիկների համար դարձյալ գրավիչ երկիր դառնալուն ուղղված գովազդային արշավի անցկացմանը:

Թուրքական կառավարության հակաիսրայելական քաղաքականության պատճառով նախորդ տարիներին կտրուկ նվազել է իսրայելցի զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա, հաղորդում է newsru.co.il-ը:

«Turkey welcomes you»  կարգախոսով արշավի տենդերը կհայտարարի Իսրայելում Թուրքիայի դեսպանատունը: Հրավիրված են Իսրայելի 10 առաջատար գովազդային գործակալությունները:

Բացի այդ, Թուրքիան վարձակալել է Թել Ավիվի ցուցահանդեսների կենտրոնում փետրվարին կայանալիք միջազգային տուրիստական ցուցահանդեսի ամենամեծ տաղավարը: Առաջիկայում Յաֆոյում կբացվի թուրքական մշակույթի կենտրոն:

Իսրայելում Թուրքիայի դեսպանատան տվյալներով, 2010-ին Թուրքիա է այցելել 110 հազար իսրայելցի զբոսաշրջիկ` երեք անգամ քիչ, քան 2009-ին եւ հինգ անգամ քիչ, քան 2008-ին:

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ իսրայելցիների միայն 3 տոկոսն է մտադիր 2011-ին հանգստանալ Թուրքիայում: