Խորհրդարանական ընտրություններն անհապաղ անցկացնելը մեր թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետեւ մեր կազմակերպած թավշյա հեղափոխությունը գտնվում է իր գագաթնակետին եւ կասկած չկա, որ այսօր ընտրություններ անցկացնելու դեպքում մեր թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, եթե առաջնորդվեն այս տրամաբանությամբ, կնշանակի իշխանությունը փոխվել է, իսկ դրա բովանդակությունը չի փոխվել եւ նոր իշխանությունը նախկինների պես առաջ է մղում իշխանությունը պահպանելու մոլուցքը:
«Կստացվի, որ ժողովուրդը իշխանությունը փոխելու իրական հնարավորություն չունի այս անգամ էլ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով: Մենք կարծում ենք, որ ընտրությունները պետք է անցկացնել մեկ տարվա ընթացքում, որը ոչ միայն հնարավորություն կտա էականորեն բարելավել ընտրական համակարգը, այլեւ քաղաքական մյուս ուժերին, որոնց համար իշխանափոխություն անակնկալ էր, դուրս գալ ցայտնոտի վիճակից եւ պատրաստվել ընտրություններին: Դա նաեւ թույլ կտա ժողոբվրդին կատարել տեղեկացված ընտրություն՝ ելնելով կառավարության գործողություններից»,-ընդգծեց վարչապետը:
Նա համոզմունք հայտնեց, որ ինչպես հեռացել է կեղծիքով ու ընտրակաշառքով ձեւավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա օրենսդիր իշխանությունը: Փաշինյանը ընդգծեց, որ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու համար կառավարությունը մտադիր է աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու հրավեր կստանան բոլոր խմբակցությունները, քաղհասարակության ներկայացուցիչները, նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:











