Կառավարության նախաձեռնած փոփոխությունների մի զգալի մասը չի պահանջում օրենսդրական կամ կառուցակարգային որեւէ փոփոխություն, որեւէ վարկ կամ գրատ, այլ միայն քաղաքական կամք: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ՀՀ-ում չեն լինելու արտոնյալներ, օրենքը գործելու է բոլորի, այդ թվում ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքների համար. «Ու որպեսզի սա չհնչի որպես սպառնալիք, պիտի ջանքեր գործադրեմ, որ այդ սկզբունքը առաջինը գործի իմ ընտանիքի, իմ հարազատների ու բարեկամների նկատմամբ:
Հպարտ եմ հայտարարել, որ որդիս դիմում է գրել եւ կամավոր հիմունքներով ծառայությունն իրականացնելու է Արցախում: Մենք քննության ենք ենթարկելու պաշտոնյաների, այդ թվում ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը: Նրանք պետք է ծառայեն այնպես, ինչպես բոլոր երիտասարդները»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչով դիմեց պաշտոնյաներին՝ նշելով. «Եթե իրենք գտել են բանակից խուսափելու զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ, արձագանքել նոր մոտեցումներին, ներկայանալ զինկոմիսարիատներ եւ զորակոչվել բանակ:
Կրկին կոչ եմ անում շուրջ 1,5 տասնյակ հազար մեր հայրենակիցներին, որոնք գտնվում են արտերկրում եւ ում նկատմամբ ժամկետային զինծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված, վերադարձեք, մեկնեք զինծառայության եւ ձեր բաժին պատասխանատվությունը ստանձնեք: Սա նոր Հայաստան է, որից չեն փախչում, այստեղ վերադառնում են այսօրվա ու ապագայի նկատմամբ սիրո զգացողությամբ: Ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք»: Նա նշեց, որ այդ անձանց նկատմամբ հետապնդում չի իրականացվի»:











