Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքների համատեքստում:
Հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային խնդիրներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին, համակարգկմանը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՍԾՏՀ-ի հարթակներում եւ այլ հեղինակավոր միջազգային եւ տարածաշրջանային ֆորումներում: Տեղի կունենա կարծիքների փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:




























