Ամեն ինչ ձեր աչքի առաջ է տեղի ունենում, դուք կարող եք ինքներդ գնահատել ռեպրեսիաներ տեղի են ունենում, թե ոչ։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Հանրապետականները նշում են, թե հնարավոր ռեպրեսիաների պատճառով են գործարարները լքում ՀՀԿ խմբակցությունը։
NEWS.am-ի թղթակիցը նկատեց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հալածանքի տարրեր է տեսնում, որին ի պատասխան Փաշինյանը կատակեց. «Աշոտյանին ու մյուս հանրապետականներին, որ նայում ենք, զգացվում է՝ նրանք բոլորը հալածված են»։
Փաշինյանը վերահաստատեց, որ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ անկախ նրանից ՀՀԿ խմբակցությունից են թե ոչ։
Իսկ նկատառմանը, որ գործարարները դուրս են գալիս խմբակցությունից, կողմ են քվեարկում կառավարության ծրագրին, որ ԱԱԾ բացահայտումների դեպքում դա մեղմացուցիչ հանգամանք ծառայի, Փաշինյանը նշեց. «ԱԱԾ–ն իր գործողությունների մասին արդեն հայտարարել է եւ այդ գործողությունները մինչեւ վերջ շարունակվելու են։»
ՀՀ վարչապետը շեշտեց, որ այսօր տնտեսության ստվերայնության ծավալները գնահատելու խնդիր կա։ «Նախկինում կառավարության ծրագրերի մեջ ֆիքսված թվերը, որպես կանոն, իրականություն չեն դարձել։ Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել–փչել, այլ երկրում լրջագույն բովանդակային բարեփոխումներ անել, որոնք չեն կարող չբերել արդյունքի»,–եզրափակեց նա։











