Վարչապետի ելույթը դուրս եկավ, շատ լավ խոսեց, ելույթն ավելի լավն էր, քան ծրագիր է ներկայացված: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «Ստացա կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել»:

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Աշոտյանն ասաց. «Երբ դուք ընդդիմադիր էիք, փայլուն էլույթ էիք ունենում եւ կերազեիք, որ որեւէ կառավարություն նման ծրագիր բերեր: Պատկերացնո՞ւմ եք, թե այստեղ ինչեր կանեիք, ինչ հռետորության դասեր կտայիք: Խոստովանեք, որ հիմա մեզ նախանձում եք»:

Նա հիշեցրեց, որ երբ 1919 թվականին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետերից մեկին՝ աշխարհահռչակ դաշնակահար Կադերեւսկուն, գրել էր՝ «Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»:

Անդրադառնալով կառավարության ծրագրին, Աշոտյանը նկատեց, որ այնտեղ ոչ մի թիվ չկա, եւ դրանով իրեն կառավարությունն ապահովագրել է խոստումներ չկատարելու համար քննադատվելուց:

«Արցախի խնդրի լուծման մասին այնպես է ձեւակերպված, որ որեւէ մեկը որեւէ բան չի հասկանում: Մեզ տվեք Արցախի խնդրի կարգավորման այսօրվա իշխանական բանաձեւը, որ մենք այն առաջ տանենք: Գոնե ականջներիս ասեք, եթե չեք ուզում բարձրաձայն ասել»: Ես միշտ գիտեի, որ Արցախի խնդիրը ծագել է, որովհետեւ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, քանի որ վերջինս կյանքի է կոչել իր ինքնորոշման իրավունքը: կոնֆլիկտը ծագել է Ադրբեջանի պատճառով, ինչպե՞ս կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է:

Հաջորդը, ինչպես կարելի է Չինաստանին դնել մեկ տողի մեջ Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ, երբ այդ երկրները հազարամյակների կոնֆլիկտ ունեն:

Կրթության նախարարին խնդրում եմ ավելացրեք ծրագրում նաեւ ներառական կրթության, եվրոպական տարածքին ինտեգրվելու խնդիրները:

Տնտեսական բլոկը քոփի փեյսթ է արված Նիկոլ Փաշինյանի մայիսի 8-ի ելույթից: Այն ինչ կարելի է վարչապետին, չի կարելի վարչապետի ցլերին: Աշխատեիք մի քիչ տեքստի վրա»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նա անդրադարձավ նաեւ «Ծառուկյան. Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին՝ նշելով. «Շատ պաթետիկ ու շատ դեկորատիվ: ԲՆման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի շատ վնաս եք տալիս, քան օգուտ: Որովհետեւ ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ: Սա ակնհայտ է»:

Աշոտյանը դիմեց նաեւ կառավարության նախարարներին. «Մի փակեք մեր բերանը Նիկոլ փաշինյանի կերպարով: Հասկանում ենք, որ նրան սիրում են, հեշտ է պախկվել նրա հեղինակության թիկունքում, բայց պատասխանատվություն վերցրեք:

Եթե կարեւոր համարեք միայն արտահերթ ընտրությունները եւ մտածեք, որ մնացածը կարեւոր չէ, մնացածն այնքան վատ է լինելու, որ մեկ տարի հետո չեք ուզենալու արտահերթ ընտրություններ անել»: