Ես հրաժարվում եմ ՀՀԿ-ի կառավարման փորձից, որ որոշեմ, թե այս դահլիճում ով ինչքան փող պետք է աշխատի, ում հետ պետք է կիսվի, ով պետք է սնանկանա, ով պետք է դառնա միլիոնատեր. մենք այդ փորձից հրաժարվում ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ խոսում են թվերի մասին. հեղափոխությունից հետո մարդկանց դեմքին ժպիտ էր հայտնվել, սա ամենակարեւոր ցուցանիշն է: Դա տոկոսով չի չափվի ու մեր կառավարության ընթացքում մարդիկ այդ ժպիտից չեն զրկվելու:
Ասում են՝ ծրագիրը պետք է լիներ երեք քաղաքական ուժերի ծրագրի հիման վրա. ես վարչապետ չեմ ընտրվել որպես «Ելք»-ի թեկնածու, ես ընտրվել եմ որպես ժողովրդի թեկնածու, հիմնական գործոնը ժողովրդի վստահությունն է:
Այն պահին, երբ չունենանք ժողովրդի վստահությունը, 5 րոպե չենք մնա կառավարությունում: Ես ինքս չեմ մնա այդ պաշտոնում»,-հայտարարեց Փաշինյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե իրենք աջակցել են, որ Փաշինյանը դառնա վարչապետ, նա արձագանքեց. «ԱԺ-ն ինձ վարչապետ ընտրել է ի հեճուկս իր ցանկությունների: Ոչ մեկը թող չասի, թե լավություն է արել ինձ վարչապետ ընտրելով կամ լավություն է անելու կառավարության ծրագրին կողմ քվեարկելով: Մենք որեւէ մեկի լավության կարիքը չունենք, ուզում եք կողմ քվեարկեք, ուզում եք՝ դեմ քվեարկեք: Մենք ունենք ժողովրդի վստահությունը ու դա կդառնա քաղաքական արդյունք, ուզեք, թե չուզեք:
Այս դահլիճում մեզ ասում են՝ չենք ուզում չարախնդալ: Կներեք, դուք կարող եք նաեւ չարախնդա՞լ, ո՞վ է չարախնդալուց խոսում: Եկեք մի քիչ լրջանանք»:
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաեւ ԱԱԾ-ի վերաբերյալ տարբեր գնահատականներին. «Այսօր հազարավոր երիտասարդներ ի տարբերություն 1-2 ամիս առաջվա, դիմում են գրում ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար: Երկու ամիս առաջ նույնքան մարդիկ դիմումներ էին գրում այդ կառույցից դուրս գալու համար: Եկեք ոչինչ չքանդենք, բովանդակային փոփոխությունը տեղի է ունենում նաեւ առանց քանդելու»:
Նրա խոսքով, ՀՀԿ-ական պատգամավորներն անընդհատ ասում են՝ չենք ուզում, որ այս կառավարությունը տապալվի. «Մի անհանգստացեք այս կառավարությունը չի տապալվելու, ժողովուրդը չի տապալվելու, հեղափոխությունը չի տապալվելու: Հայաստանը լինելու է իրոք ազատ, իրոք ժողովրդավարական երկիր: Ինչ վերաբերում է նրան, թե հեղափոխությունն ինչ է փոխել խոշոր եւ մանր եղջերավոր անասունների իրավունքների հարցում, ապա ասեմ, որ այսուհետ խոշոր եւ մանր եղջերավոր անասուններն իրավունք են ստացել արտահանվել առանց երկրի վարչապետի եղբոր «դաբրո»-ի: 20 տարուց ավելի այս փոփոխությունը հնարավոր չէր լինում իրականացնել:
ՀՀ ժողովուրդը հաղթել եւ որեւէ մեկը չի կարող այդ հաղթանակը հետ վերցնել: Ես կոչ եմ անում ԱԺ պատգամավորներին, քաղաքական ուժերին միանալ այդ հաղթանակին, աջակցել այդ հաղթանակին, չնեղվել այդ հաղթանակից, որովհետեւ սա նաեւ ձեր ու ձեր երեխաների հաղթանակն է»,- իր խոսքն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:











