ՀՀԿ խմբակցության 12 անդամներ կողմ են քվեարկել Հայաստանի կառավարության ծրագրին։ Նշենք, որ ծրագիրն ընդունվեց 62 կողմ, 39 դեմ ձայներով։

ՀՀԿ խմբակցությունից կողմ են քվեարկել Տաճատ Վարդապետյանը, Մանվել Գրիգորյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը, Սեդրակ Սարոյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մինչ քվեարկությունը հայտարարել էր, թե խմբակցությունը կապահովի անհրաժեշտ կողմ ձայների քանակը։ Թերեւս, խմբակցության՝ կողմ քվեարկած անդամների թիվն ավելին է  եղել, քան անհրաժեշտ էր։

Կողմ են քվեարկել նաեւ ՀՀԿ խմբակցությունը արդեն լքած Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը։

Կողմ են քվեարկել նաեւ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները։ Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, «Ելք» դաշինքից՝ Գեւորգ Գորգիսյանը բացակա են եղել եւ չեն մասնակցել նիստին։

Նշենք, որ գրեթե մեկ ամիս տեւած բողոքի լայնածավալ գործողություններից հետո Նիոկլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվեց մայիսի 8-ին։ Մայիսի 12-ին ձեւավորվեց նոր կառավարությունը, որը հունիսի 1-ին հաստատել էր իր ծրագիրն ու ներկայացրել Ազգային ժողովին: