ԱՄՆ-ի NASA տիեզերական գործակալության գիտնականները  Մարսի վրա մեթանի օրգանական մոլեկուլների հայտնաբերման մասին են հայտարարել:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Reuters- ին, մեթանի առկայությունը կարող է վկայել այդ մոլորակում կյանքի գոյության մասին: Երկրի վրա այս գազի զգալի մասը արտադրում են հենց  միկրոօրգանիզմները:

Գտածոն կատարել է Curiosity մարսագնացը: Այն վերլուծել է վերջին 5 տարվա ընթացքում մթնոլորտի կազմը: Պարզվել է, որ մեթանի մակարդակը տատանվում է կախված տարվա եղանակից՝ աճում է ամռան ընթացքում եւ նվազում ձմռան շրջանում: Մթնոլորտում գազի խտությունը մի քանի անգամ փոխվում է:

Մեթանը հայտնաբերել են չորացած լճի հատակին: Գիտնականները կարծում են, որ գազն առաջանում է Մարսի ստորին հողաշերտերում:

Բացառված չէ, որ Մարսի վրա դրա հայտնվելու պատճառը մանրէների կամ որոշ երկրաջերմային պրոցեսների գործունեությունն է: NASA-ի աշխատակիցների հայտարարությունների հետ բոլորը համաձայն չեն.  քննադատներն ասում են, որ մեթանը Երկրից է բերվել: