Մայիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում եւ Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:
Ողջունելով ուսանողներին՝ արտգործնախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ Դիվանագիտական ակադեմիայի եւ ՄԳԻՄՕ-ի նման հեղինակավոր ուսումնական հաստատություններում ստացած որակյալ մասնագիտական կրթությունը գիտելիքների հարուստ պաշար կտա եւ ամուր հիմք կհանդիսանա նրանց հետագա գործունեության համար, լինի դա դիվանագիտական, թե այլ ասպարեզներում:
Զոհրաբ Մնացականյանը, ընդգծելով, որ ինքն էլ ուսանել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, նշեց, որ միջազգայնագետների պատրաստաման այս հեղինակավոր կրթօջախները հարյուրավոր հայ շրջանավարտներ են տվել, որոնցից շատերն իրենց կարեւոր դերակատարումն են ունեցել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման գործում եւ ներկայումս էլ աչքի են ընկնում իրենց բարձր մասնագիտական որակներով ու հմտություններով ինչպես ԱԳՆ կենտրոնական ապարատում, այնպես էլ՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայ ուսանողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ առաջնահերթությունները, միջազգային եւ տարածաշրջանային կարեւորություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերություններին եւ ռազմավարական փոխգործակցությանը, իր այցելության ընթացքում ունեցած հանդիպումներին եւ դրանց արդյունքներին:
Հանդիպման ավարտին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:











