Կառավարությունն այսօր՝ հունիսի 8-ին իր որոշումներով նշանակեց Սյունիքի եւ Արմավիրի մարզպետներին: Նախ որոշում կայացվեց, որով Աշոտ Ղահրամանյանն ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ:
Նշենք, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը ԲՀԿ-ական է, աշխատում էր «Հայէլցանց»-ում որպես բաժնի պետ: Նա Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է:
Ինչ վերաբերում է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին, ապա նա ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենն է: Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր:
Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: Վերջինս, ըստը մամուլի տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանը ընկերն է:
Նշենք, որ այս երկու մարզերը քվոտայով տրվել են ԲՀԿ-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մնացած 8 մարզպետները նշանակվել էին նախորդ շաբաթ: Մասնավորապես, Աշոտ Սիմոնյանը նշանակվել էր Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզպետ, Վահե Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետ, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետ:





























