ԱՄՆ Հայոց Արեւելյան Թեմի Միջեկեղեցական Հարցերով պատասխանատու, ԵՀԽ կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությունում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը հունվարի 18-ին Հռոմում հանդիպել է Վատիկանի պետքարտուղար Նորին Սրբազնություն Տարչիսիո կարդինալ Բերտոնեի հետ եւ քննարկել Վրաստանում կրոնական կազմակերպությունների իրավունքներին առնչվող խնդիրները:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Սրբազան Հորն ընկերակցել է Կաթոլիկ Եկեղեցու Քրիստոնեական միությունը խրախուսող քահանայապետական խորհրդի Արեւելյան Եկեղեցիների հետ հարաբերությունների բաժնի պատասխանատու հայր Գաբրիել Քուիքը: