Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի եւ Նորք Մարաշին նստավայրում այսօր՝ հունիսի 8-ին, զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը անվստահություն հայտնեց դատավորին եւ մեղադրողներին:

Նա հայտարարեց`քաղաքական իրավիճակ է փոխվել. «Թավշյա հեղափոխությունը քաղաքական աղբանոց է նետել այս գործի պատվիրատուին»:

Նշենք, որ ընդմիջումից առաջ ամբաստանյալներից մեկն էլ հայտարարեց, որ դատավորը հաշվեհարդար է տեսնում ամբաստանյալների հետ, ինչը հարուցեց աջակիցների զայրույթը, նրանք սկսեցին աղմկել, վիրավորել դատավորին, պաշտպաններն էլ հորդորեցին հանգստություն  դրսեւորել:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց: