Ռուսասըանի Դաշնությունը եւ Չինաստանը մտադիր են խորացնել եւ ներդաշնակեցնել եվրասիական ինտեգրացիոն գործընթացները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք վճռական ենք շարունակել համատեղ ջանքերը Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները խորացնելու եւ ներդաշնակեցնելու համար: Խոսքը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու միակցման եւ ապագայում այս հիմքով մեծ եվրասիական գործընկերության ձեւավորման մասին է»,- ասել է Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո:

Պուտինն ընդգծել է,  որ այս ուղղությամբ կարեւոր քայլ էր «մայիսին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրումը»:

Երկու երկրների ղեկավարները նաեւ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում նշվում է, որ Ռուսաստանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը բարդ եւ փոփոխական միջազգային իրավիճակի պայմաններում կշարունակեն ռազմավարական համագործակցությունը եւ կտեղափոխեն արտաքին գործերի նախարարության համակարգումը եւ փոխադարձ աջակցությունը համաշխարհային ասպարեզում որակապես նոր մակարդակի: