Սարի թաղի գործով ամբաստանյալներ Հրայր Իսախանյանը, Հարություն Թորոսյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը քիչ առաջ ազատ արձակվեցին:

Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Իսախանյանին, Թորոսյանին եւ Զեյթունյանին ստորագրությամբ ազատ արձակեց, իսկ Քյոսեյանի նկատմամբ կիրառեց գրավ:

Նշենք, որ մեղադրողը Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի եւ Էդուարդ Զեյթունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության դեմ չէր առարկել, իսկ Անդրանիկ Քյոսեյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության դեմ առարկել էր՝ պատճառաբանելով, որ դատվածություն ունի:

Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել: