Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի քանի դեպք եւ կասեցրել դրանք:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի տաքսի ծառայություն՝ «Սիս տաքսի» ամվանմամբ: Այն գործել է մայրաքաղաքի Խաղաղ Դոնի 1 հասցեի հարակից տարածքում, առանց համապատասխան լիցենզիայի եւ հարկային մարմիններում հաշվառվելու: Պարզվել է, որ ապօրինի գործունեությունը ծավալել է ֆիզիկական անձ Պողոս Նազարյանը: Տաքսի ծառայության գործունեությունը դադարեցվել է: Պ.Նազարյանի մոտ իրականացվում է գործունեության օրինականության ստուգում:
Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում օրերս հայտնվել է նաեւ «OK ROOM» բար-սրճարանը: Ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի կենտրոնում՝ Թումանյան 25 հասցեի նկուղային հարկում գործող սրճարանն ապօրինի է եւ չունի պետական գրանցում: Հարկային դաշտից դուրս գործունեությունն իրականացրել է Երեւանի բնակիչ Հ.Սարգսյանը՝ այցելուներին սպասարկելով հիմնականում գիշերային ժամերին: Բար-սրճարանի տարածքը շուրջ 40քմ է. հարկային մարմինների այցելության պահին այդտեղ եղել է երկու աշխատակից:
Ապօրինի գործունեությունն այս պահին կասեցված է, տարածքն էլ՝ կապարակնքված: Մյուս դեպքում էլ հայտնաբերվել է նորաձեւության եւ կարի արտադրամաս. այն եւս գործել է մայրաքաղաքում: Ապօրինի ձեռնարկատերը Մհեր Դավթյանն է, ում հայտարարության համաձայն, գործունեությունն իրականացվել է 2010թ.-ի սեպտեմբերից՝ 3 աշխատակիցների միջոցով: Փաստի վերաբերյալ կազմվել է վարչական վարույթ, ճշտվում են իրացման ծավալները:
Օրերս հայտնաբերված մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրությունն էլ ծավալվել էր Գարեգին Նժդեհի 3 շենքի բակում, որտեղ քաղաքացի Դ.Նիկողոսյանն առանց պետական գրանցման զբաղվել է խոշոր եղջերավոր կենդանիների ոսկրահանմամբ եւ մսամթերքի իրացմամբ:
Գործունեությունն այս պահին դադարեցված է:
Նշված ապօրինի ձեռնարկատիրական գործողությունների հետեւանքով տետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:





























