2012 թվականին Երեւանի պետական համալսարանում, հնարավոր է, կովկասագիտության ամբիոն բացվի։ Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը։
«Ճիշտ է, հայագիտության ոլորտում մեր նվաճումները բավական մեծ են, բայցեւ առկա են բազմաթիվ թերություններ։ Մտահոգիչ է հատկապես կովկասագիտության ամբիոն չունենալու հարցը։ Սա բարդ խնդիր է, սակայն արվելու է ամեն բան, որպեսզի արդեն 2012-ին ԵՊՀ-ում ստեղծվելիք այդ ամբիոնը պատրաստի կովկասագետների, ադրբեջանագետների եւ անգամ օսմանագետների, որոնց թիվը հանրապետությունում շատ փոքր է՝ ընդամենը 4 հոգի, որոնցից 3-ն իրենց ուսումն այժմ ստանում են Սանկտ-Պետերբուրգում։ Նախատեսում ենք մասնագետներ պատրաստել նաեւ ղպչաղերենի (նախաղազախերեն) գծով։ Մենք հետ ենք մնացել նաեւ քրդագիտության ոլորտում։ Քրդագետներ Հայաստանում կան, սակայն նրանք բավական ծեր են»,- նշեց Սիմոնյանը։
Անդրադառնալով սեսիոն քննությունների անցկացման կարգին՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ «ԵՊՀ ամբիոնների, ֆակուլտետների համար պաշտոնական առաջարկ է իջեցվել՝ ընթացիկ քննություններն անցկացնել բաց կարգով»։ «Տվյալ ֆակուլտետի ուզածդ ուսանող, ուզածդ համալսարանական պետք է իրավունք ունենա ներկա գտնվել քննություններին։ Ընդհանրապես, կարծում եմ, որ քննությունից գաղտնիք սարքելը հնություն է։ Քննությունները պետք է բաց լինեն»,- նշեց Սիմոնյանը։
Ամփոփելով՝ նա հույս հայտնեց «մի 20 տարի հետո ԵՊՀ-ն տեսնել ոչ միայն առաջադեմ կրթօջախ, այլ նաեւ Քեմբրիջի, Մոսկվայի պետական համալսարանի եւ աշխարհի այլ համալսարանների նման գիտության առեւտրայնացվման խոշոր կենտրոն»։





























