Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Վաշինգթոնի հետ հարաբերությունների կարգավորմանը, փոխանցում է «Վեստին»:

Նա հայտարարել է, որ իր եւ Թրամփի համար հանդիպումն օգտակար կլիներ: Նրա խոսքով՝ ամբողջ հարցն այն է, որ դա թույլ տա Միացյալ Նահանգների ներքաղաքական իրավիճակը:

«Կարելի է տարբեր կերպ վերաբերվել որոշումներին, որոնք ընդունվում են Միացյալ Նահանգներում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի կողմից: Կարելի է քննադատել: Իսկապես, այնտեղ շատ բան է քննադատության արժանի: Սակայն կա մի հանգամանք, որի մասին արդեն խոսել եմ՝ Թրամփը կատարում է ընտրարշավի ժամանակ տված իր խոստումները»,- հայտարարել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ հույս ունի, որ ԱՄՆ առաջնորդը կկատարի նաեւ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման իր խոստումները:

«Խոստումներից մեկն էր ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը: Հույս ունեմ, որ դա նույնպես կկայանա: Ամեն դեպքում, մենք դրան պատրաստ ենք: Գնդակը ամերիկյան կողմում է, ամերիկյան դաշտում»,- հավելել է նա:

ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորմանը, զարգացմանը եւ խորացմանը:

«Գործիքները կարող են տարբեր լինել, այդ թվում են անձնական հանդիպումները»,- կարծում է նա: