Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ափսոսում է, որ ԳԱԱ ընտրություններում 8 ակադեմիկոսների տեղեր այդպես էլ թափուր են մնացել։ Այս մասին նա ասաց հունվարի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, կային արժանավոր մարդիկ, ովքեր, ցավոք, այդպես էլ չընտրվեցին՝ գուցե նաեւ նրանց հանդեպ եղած ինչ-ինչ անձնական նկատառումներից ելնելով։ «Չընտրվեցի նաեւ ես։ 7 պարտադիր ձայներից հավաքեցի 6-ը, ինչը եւս մեծ նվաճում եմ համարում»,- ընդգծեց Սիմոնյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ԳԱԱ ընտրություններից հետո շատերը հասկացան, որ ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա։
«Ակադեմիկոսների մեծ մասը 80 եւ ավելի տարեկան է։ Այնտեղ երիտասարդացման կարիք է զգացվում։ Բացի այդ, ակադեմիայի նախագահությունը պետք է մտածի՝ ինչպես փոխել ԳԱԱ ընտրությունների կարգը»,- ամփոփեց նա։
Նշենք, որ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունները տեղի էին ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 27-ին։




























