«Մեծ յոթնյակի» առաջնորդները հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու պատրաստակամության մասին, եթե վերջինիս գործողությունները դա պահանջեն։ Այս մասին ասված է Կանադայում «յոթնյակի» երկօրյա գագաթնաժողովի ավարտին ընդունված ամփոփիչ հռչակագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կրկին դատապարտում ենք Ղրիմի անօրինական բռնակցումը եւ հաստատում ենք մեր շարունակական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված նրա սահմաններում»,-նշված է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում: Դրանում շեշտվում է նաեւ, որ «Յոթի խմբի» առաջնորդները նախկինի պես մտադիր են Ուկրաինային համակողմանի օգնություն ցուցաբերել բարեփոխումների անցկացման հարցում։
Բացի այդ, G7-ի ղեկավարները պահանջում են, որ Մոսկվան դադարեցնի սիրիական իշխանություններին աջակցություն ցուցաբերել: Կոմյունիկեում նրանք կոչ են անում դադարեցնել «ապակայունացնող գործունեությունը», «ժողովրդավարական համակարգերի խարխլումը» եւ «սիրիական ռեժիմին աջակցությունը»:
«Յոթի խմբի» առաջնորդները համաձայնություն են հայտնում Բրիտանիայի այն գնահատականին, որ ՌԴ-ն մեծ հավանականությամբ կանգնած է Սոլիսբերիի միջադեպի ետեւում:




























