Հայաստանում սոցիալական բունտ հնարավոր չէ, քանի որ հայ ժողովուրդը բունտ անել չի սիրում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 24-ին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ պատասխանելով  NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է Երեւանի քաղաքապետի որոշմամբ բացօթյա առեւտրի արգելման հետեւանքով Հայաստանում սոցիալական բունտ տեղի ունենա կամ հեղափոխական իրավիճակ ստեղծվի,  ինչպես դա տեղի ունեցավ Թունիսում։ Նա այս համատեքստում վերհիշեց ԿԲ նախկին նախագահ,  ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանի հայտարարությունը, ով իշխանություններին կոչ էր արել՝ «ախպեր, թողեք, գնացեք»։ «Է, չե՜նք հեռանում»,-ազդարարեց Բոստանջյանը։

Իսկ ասուլիսին ներկա ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ցավ հայտնեց, որ Հայաստանի հասարակության մեջ սոցիալական դժվարությունները փակ բնույթ են կրում եւ ոչ ոք այդպես էլ դուրս չի գալիս եւ չի առաջադրում իր պահանջները։

«Արդյունքում մենք ունենում ենք իրավիճակ, երբ ամեն մի որոշում, վաղ թե ուշ պարտադրանքի միջոցով փորձ է արվում կյանքի կոչել»,-հայտարարեց Միասյանը, նշելով որ պետության պարտադրանքի միջոցները պետք է համահունչ լինեն առկա իրավիճակին։ Միասյանը ցանկություն հայտնեց, որ սոցիալական ընդվզումը վերածվի համախմբված պայքարի ալիքի, այլ ոչ թե բերի հեղափոխական իրավիճակի։

Դաշնակցական պատգամավորը միաժամանակ հավելեց, թե չպետք է խանդով լցվել այն անձանց նկատմամբ, ովքեր կարողանում են հասարակությանը համախմբել՝ ակնարկելով Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանին։ «Ընդհակառակը՝ պետք է խրախուսել նման վարքագիծը։ Երբ հասարակությունը համախմբվում է, հարկավոր է այդ համախմբումն օգտագործել  ի շահ պետության զարգացման»,- ընդգծեց նա:

Նշենք, որ այսօր եւ անցած մի քանի օրերին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Երեւանում բացօթյա առեւտրով զբաղվողները՝ պահանջելով իրենց չզրկել հանապազօրյա հացը վաստակելու հնարավորությունից։