Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում վերջին տարիներին նկատելի է տեխնիկայի գների նվազում։ Քաղաքացիները նկատած կլինեն, որ հատկապես էժանացել են հեռուստացույցները։ NEWS.am- Ինովացիայի թղթակիցը փորձեց հեռուսատացույցի վաճառքով զբաղվող խանութներից տեղեկանալ, թե ինչպես է փոխվել այդ ապրանքի գինը եւ պահանջարկը:
AG Electronics խանութ-սրահի վաճառող-խորհրդատու Սմբատ Շահազիզյանն ասաց, որ վերջին վեց ամսվա կտրվածքով հեռուստացույցների գնի մինչեւ 10 դոլարի նվազում է նկատվում, իսկ վերջին մեկ տարում՝ գինը նվազել է 50-60 դոլարով։ Նրա խոսքով՝ վերջին 2-3 տարում հեռուստացույցների նկատմամբ պահանջարկը նվազել է։ Սպառողները ներկայում նախապատվություն են տալիս Sony եւ Samsung հեռուստացույցներին, առավելապես՝ 81 սմ տրամագծով։ Սրան զուգահեռ նույն խանութ-սրահի համակարգիչների բաժնից մեզ տեղեկացրեցին, որ խանութում նկատվում է համակարգիչների վաճառքի աճ:
PC Electronics խանութ- սրահի վաճառքի խորհրդատու Աիդա Գումրիկյանը եւս նշեց, որ կենցաղային տեխնիկայի՝ այդ թվում հեռուստացույցերի պահանջարկը վերջին շրջանում նվազել է, սակայն ի տարբերություն հեռուստացույցերի՝ համակարգիչները պահանջարկն ավելացել է։
Vesta խանութ-սրահի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ վերջին 6 ամսում հեռուսատացույցների գները նվազել են մոտ 5 տոկոսով, իսկ մեկ տարվա կտրվածքով՝ 10 տոկոսով։ Նրա խոսքով՝ բոլոր տեսակի հեռուստացույցների նկատմամբ պահանջարկ կա, անգամ ՝ կինեսկոպով (ուռուցիկ էկրանով) հեռուստացույցերի դեպքում, սակայն այն մեծ չէ։ Իսկ պահանջարկի առումով առաջատար են Samsung-ը եւ Panasonic-ը՝ 81 սմ տրամագծով։
Samsung խանութ-սրահի վաճառող-խորհրդատու Հրայր Լամիրյանի խոսքով՝ վերջին տարիներին տեխնիկայի գնի զգալի տարբերություն կա։ «Վերջին 2-3 տարվա կտրվածքով տեխնիկան արդեն գրեթե կես գին է դարձել։ Այժմ նույն գնով կարելի է ձեռք բերել առավել որակյալ տեխնիկա»,-ասաց Հ. Լամիրյանը։ Նրա խոսքով՝ կինեսկոպով հեռուստացույցների պահանջարկ ներկայումս գրեթե չկա, իսկ իրենք վերջին շրջանում ստանում են թվային ընդունիչով պլազմային հեռուստացույցներ։
Լուսինե Մովսիսյան





























