Իրանի արտաքին գործերի նախարարությունը մինչեւ ԱՄՆ–Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի մեկնարկը նախազգուշացրել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին միջազգային պայմանավորվածությունները խախտելու Վաշինգթոնի սովորության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է զգուշանա ԱՄՆ–ի կրկնվող անկայունությունից միջազգային համաձայնագրերին հետեւելու հարցում։

«ԱՄՆ քաղաքականությանը լավատեսական հայացքով նայելն անհնար է եւ ոչ վաղ խախտումները հաստատում են դա»,–ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից։

Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ–ի ու Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովը, որի ժամանակ կհանդիպեն Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը, տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրում։