Երեւանի քաղաքապետարանի կողմից օտար լեզուների իմացության կատարելագործման նպատակով կազմակերպվող դասընթացներն իրականացվում են կամավորության սկզբունքով եւ քաղաքապետարանի միջոցների հաշվին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետ Կարեն Կարապետյանի  մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը։ Նա նշեց, որ դասընթացների նպատակն այն է, որպեսզի  քաղաքապետարանի աշխատակիցները փորձի փոխանակման կամ աշխատանքային այլ միջավայրերում ազատ հաղորդակցվեն։ «Յուրաքանչյուր գործատու պետք է շահագրգռված լինի իր աշխատակիցների հմտության բարձրացմամբ։ Այնպես որ՝ քաղաքապետարանի այդ նախաձեռնության մեջ մենք միայն դրական միտում ենք տեսնում»,-հայտարարեց Սարդարյանը։

Նա միաժամանակ հավելեց, թե քանի որ Երեւանի քաղաքապետարանը սերտ շփումների մեջ է քույր քաղաքների հետ, ինչպես  տարբեր բնագավառներում համագործակցում է տարբեր միջազգային կառույցների հետ, ուստի քաղաքապետարանի աշխատակիցների՝ լեզուների իմացության բարձր մակարդակը  կարող է միայն նպաստել  այդ շփումներին:

Շուշան Սարդարյանը հավելեց նաեւ, որ քաղաքապետարանը հնարավոր է անհրաժեշտության դեպքում  դասընթացներ եւ դասախոսությունների շարք  կազմակերպի նաեւ այլ ուղղություններով։

Նշենք, որ քաղաքապետարանը կազմակերպել է դասընթացներ ռուսաց լեզվից եւ անգլերենից։