Յուրաքանչյուր ամիս ավելանում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններն սկսելու հնարավորությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուասաստանի Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատանքային խմբի համակարգող, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը, նշելով, որ դրա մասին են վկայում մի շարք գործոններ:
Քաղաքագետը մատնանշել է այն փաստը, որ անցած տարի Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը մեծ թափ էր ստացել, մինչդեռ միջազգային հանրությունը լռում էր, կտրուկ քննադատությամբ հանդես գալու եւ ելույթները կանխելու փոխարեն:
«Ադրբեջանն ավելի շատ շեշտը դնում է ոչ այնքան ուժի սպառնալիքի, որքան ուժի վրա, իսկ տարածաշրջանում շահեր ունեցող երկրները, ոչ մի ցանկություն չունեն այդ սցենարին խոչընդոտելու»,- ընդգծել է փորձագետն, ավելացնելով, որ ընդհանուր առամամբ, շատ հոռետեսորեն է տրամադրված այդ հարցում, սակայն մինչեւ ամառ ռազմական իրադարձություններ պետք չէ սպասել:
Նրա կարծիքով, ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու համար, Հայաստանն, առաջին հերթին, պետք է ակտիվացնի իր կապերը միջազգային ասպարեզում եւ այն երկրների հետ, որոնք ունեն շահեր տարածաշրջանում, որպեսզի երաշխիքներ ստանա, որ ԼՂՀ-ում մարտական գործողություններ չեն լինի: Մյուս կողմից, Սկակովի կարծիքով, հիմա ճիշտ ժամանակն է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը:





























