Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Երեւանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու Ռուս-հայկական սլավոնական համալսարանի միջեւ այսօր՝ հունվարի 24-ին ստորագրվել են համագործակցության պայմանագրեր:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պնախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ ԲՈՒՀ-երի հետ համագործակցության պայմանագրերը ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում, իսկ նրանցից լավագույնների համար հնարավոր է լինեն պաշտպանության նախարարությունում աշխատանքային գործունեության հեռանկարներ:

Միջոցառմանը մասնակցող ռեկտորները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել համագործակցության ընդլայնման համար` նշելով, որ այս նախաձեռնությունը կարող է նպաստել, որպեսզի ուսանողներն իրենց ակադեմիական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով եւ միաժամանակ իրենց գիտելիքներով նպաստեն պաշտպանական գերատեսչության աշխատանքներին: