Քիչ առաջ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի աշխատակիցները քննչական փորձարարական աշխատանքներ են կատարել Կոմիտաս պողոտայի թիվ 42 շենքի բակում, որտեղ 2 երիտասարդներ կողոպտել են 48-ամյա մի կնոջ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործ երիտասարդները հայտնաբերվել էին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ Երեւան քաղաքի վարչության պարեկա-պահակային ծառայության գնդի  2-րդ գումարտակի աշխատակիցների կողմից՝ հունվարի 22-ի կեսգիշերին Կոմիտաս-1 հասցեում գործող «Ֆրեշ» սուպերմարկետի դիմացից:

Նշենք, որ Արաբկիրի բնակիչ 48-ամյա Թամարա Խաչիկի Միսակյանը Արաբկիրի բաժնում հայտնել էր, որ ժամը 22.30-ին Կոմիտասի պողոտայի թիվ 42 շենքի մոտ անհայտ անձը բութ առարկայով հարվածել է իր գլխին, վայր գցել եւ հափշտակել իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է «Սամսունգ» տեսակի 2 բջջային  հեռախոս, հուշանվերներ եւ 4 հազար դրամ գումար: Ինքը վայր ընկած վիճակում նկատել է, որ իրեն կողոպտողները նստել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան եւ դիմել փախուստի:

Տուժողն իրավապահներին հայտնել է նաեւ ավտոմեքենայի համարանիշը: Նույն օրը, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստեղծվում է օպերատիվ հետախուզական խումբ՝ բաժնի պետ Վարուժան Ադամյանի գլխավորությամբ: Խումբն օպերատիվ տեղեկություն է ստանում, որ նշված «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի 20 ՍՏ 545 համարանիշի ավտոմեքենան գտնվում է Կոմիտաս-1 հասցեում գործող «Ֆրեշ» սուպերմարկետի մոտ:

Իրավապահները սպասում են այնքան ժամանակ, մինչեւ կասկածյալ կողոպտիչները խանութից դուրս են գալիս եւ մոտենում մեքենային: Այդ ժամանակ ոստիկանները նրանց հրավիրում են ոստիկանության Արաբկիրի բաժին, պատճառաբանելով, որ նրանք ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում են թույլ տվել: Արդեն ոստիկանությունում, խուզարկությամբ ավտոմեքենայում հայտնաբերվում է Թամարա Միսակյանից կողոպտած պայուսակն ու բջջային հեռախոսները: Հայտնաբերվել է նաեւ ինքնապաշտպանության համար գործածվող գազի բալոն: Քննչական մարմինը կպարզի, թե գազի բալոնը ում է պատկանում. կողոպտիչների՞ն, թե՞ տուժողին:

Կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերված անձինք են նախկինում դատված 31-ամյա Ռաբերտ Սամվելի Բախշյանը եւ 29-ամյա Արմեն Գրիգորի Կիրակոսյանը: Վերջինս նախկինում դատապարտված է եղել սպանության եւ ավազակային հարձակում կատարելու համար:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ՀՀ Քրօրի 176 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ):

Նշված անձինք արդեն ձերբակալվել են: Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ կողոպտիչներին տեղափոխեցին Երեւանի ձերբակալվածների պահման վայր:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի