Հայաստանում մեկնարկում է «Հայռոբոտիկս» ռոբոտների 11-րդ առաջնությունը, որը կազմակերպել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE): Մրցույթին կմասնակցեն աշակերտներ Երեւանից եւ Հայաստանի մարզերից, որոնք ռոբոտաշինության ունակություններ են դրսեւորում: Մրցույթի հանձնարարության համաձայն՝ պատանի ինժեներների ստեղծագործությունները պետք է հաղթահարեն խոչընդոտները եւ գտնեն լաբիրինթոսից ելքը:

Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիներ եւ աղջիկներ: Մասնակցության հայտերը ընդունվում են մինչեւ հուլիսի 11-ը: Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերին: Մասնակիցները պրոֆեսիոնալ ժյուրիին կներկայացնեն իրենց հեղինակային աշխատանքները, իսկ հաղթողները մրցույթի գլխավոր հովանավոր՝ Ucom ընկերությունից եւ World Vision Armenia-ից դրամական մրցանակներ կստանան:

Ինչպես հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ռոբոտաշինության մրցույթները կարեւոր են, քանի որ երեխաների մեջ թիմային ոգին են զարգացնում եւ մոտիվացնում են նոր հմտություններ ձեռք բերելու համար: 

«Մեր երեխաները շատ ընդունակ են ինժեներիայի եւ ռոբոտաշինության ոլորտում, քանի որ հաղթահարում են ռոբոտաշինության հայկական մրցույթների բավականին խիստ պայմանները եւ հետո հաղթանակի են հասնում համեմատաբար թեթեւ միջազգային մրցույթներում: Հայաստանում մաթեմատիկական պոտենցիալը բարձր է, եւ մեր երկիրը բոլոր հնարավորություններն ունի ռոբոտների մրցության կենտրոն դառնալու համար, որոնք դեպի ապագա ուղղված քայլ են եւ հարթակ իրենց տաղանդը դրսեւորելու համար»,- նշեց Կարեն Վարդանյանը:

Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեջ առանցքային դեր են խաղում ինժեներական մտածողության, ծրագրավորման եւ ռոբոտաշինության հմտությունների զարգացմանն ուղղված նախագծերը:

«Համոզված եմ, որ հենց այս երիտասարդները կկարողանան լրացնել ՏՏ ոլորտում աշխարհում գոյություն ունեցող մասնագետների պակասը»,- նշեց Եսայանը:

World Vision Armenia-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանն իր կողմից նշեց, որ ռոբոտաշինությունն ու ավտոմատացված համակարգերի մշակումը կարող են դառնալ ՏՏ ոլորտի զարգացման անկյունաքարը: «Երկար տարիներ World Vision Armenia-ը երկրի մարզերում օժանդակում է ռոբոտաշինության պատանեկան խմբակներին: Համոզված եմ, որ նրանց անդամները ապագայում կկարողանան պահանջարկ ունեցող աշխատանք գտնել եւ արժանավայել կյանքով ապրել»,- նշեց Ժիրայր Էդիլյանը: