Տեղեկատվական գործակալությունները տարբեր թվեր են ներկայացնում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի զոհերի մասին:
Այսպես, Reuters-ը հաղորդում է 31 զոհերի եւ 100-ից ավելի վիրավորների մասին:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի առողջապահության նախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ ընդամենը տուժել են 130 մարդ, որոնցից 20-ը գտնվում է ծանր վիճակում, 10-ը՝ միջին ծանրության: Առայժմ, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի հայտնի է 23 զոհերի մասին:
«Դոմոդեդովո»-ում պայթեցված ռումբի հզորությունը կազմել է 5 կգ տրոտիլի համարժեք:
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն տվյալ դեպքում պարզում է՝ կա՞ն արդյոք հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ պայթյունից տուժածների ցանկում:
«Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում հունվարի 24-ին, ժամը 16:40-ի սահմաններում պայթյուն է եղել: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործի է գցել մահապարտ-ահաբեկիչը:
Նշենք, որ պայթյունի արդյունքում հետաձգվել են մի քանի միջազգային չվերթներ, որոնք պետք է առաջիկա ժամի ընթացքում ժամանեին օդանավակայան:
«Դոմոդեդովոյի» պաշտոնական կայքում հաղորդվում է, որ հետաձգվում են չվերթները Հայաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Թուրքիայից, Վիետնամից:




























