«Սիբիր» ավիաընկերության չվերթը Երեւանից դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան չի փոխի օդանավակայանը պայթյունի պատճառով, հաղորդել են Հայաստանում ավիաընկերության ներկայացուցչությունում:

Երեւանից օդանավը թռել է ժամը 17:55-ին, եւ Մոսկվա կհասնի մի քանի ժամից: Ինքնաթիռը վայրէջք կկատարի «Դոմոդեդովո» օդանավակայանում:

Բացի «Սիբիր»-ից դեպի «Դոմոդեդովո» օդանավակայան չվերթներ է իրականացնում նաեւ «Արմավիա» ընկերությունը:

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 9:45-ին «Արմավիա»-ի օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Նրա խոսքով, Երեւանի ժամանակով ժամը 16-35-ին Երեւանում վայրէջք է կատարել «Դոմոդեդովո»-ից ժամանած օդանավը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Հայաստանի ԱԳՆ-ն տվյալ դեպքում պարզում է, թե կա՞ն արդյոք հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ պայթյունից տուժածների ցանկում:

«Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում հունվարի 24-ին, ժամը 16:40-ի սահմաններում (Երեւանի ժամանակով ժամը 17:40-ին) պայթյուն է եղել: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործի է գցել մահապարտ-ահաբեկիչը: Զոհերի թիվը հասնում է 31-ի:

«Դոմոդեդովոյի» պաշտոնական կայքում հաղորդվում է, որ հետաձգվում են չվերթները Հայաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Թուրքիայից, Վիետնամից: