«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն այսօր Աժ հայտարարությունների ժամին կոշտ քննադատել են կառավարության «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն առաջիկայում ներկայացվելու է Ազգային ժողով։ Պատգամավորներն հայտարարել են, որ այդ փոփոխության թիրախում Գագիկ Ծառուկյանն է։
«Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, դա փաստ է, Նախորդ իշխանության վերջին Հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը երկնելով այս օրենքը՝ նկատի ուներ միայն Գագիկ Ծառուկյանին, բայց անհասկանալին այն է, թե ինչու է այս կառավարությունը որպես օրենսդրական առաջին նախաձեռնություններից մեկը, բերում մի օրենք մի երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով 30 տոկոս աղքատություն կա, որին գումարվում է եւս 30–40 տոկոս աշխատող աղքատների թիվը եւ փորձում դրանով կրկին թիրախ դարձնել Գագիկ Ծառուկյանին։ Ո՞վ է լինելու այդ մեկը, որը որոշումներ կայացնելու մոնոպոլիա է ունենալու, ինչը բարեգործություն համար է, ինչը՝ ոչ։ Գիր ու ղուշով եք որոշելո՞ւ, թե ըստ ձեր քաղաքական ճաշակի ու նպատակահարմարության»,–հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, թե Գագիկ Ծառուկյանը բարեգործությունը քաղաքական նկրտումներով չի արել։
Նաիրա Զոհրաբյանը սպառնացել է, թե եթե կառավարությունն այս նախաձեռնությունը բերի Ազգային ժողով, ապա ինքն անձամբ հորդորելու է Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը եւ դրա շահառուներին ուղղորդելու է կառավարություն։











