Խիստ նախնական տվյալներով, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հայաստանի քաղաքացիներ չեն զոհվել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նման տվյալներ ստացվել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Հայաստանի ԱԳՆ-ն տվյալ դեպքում պարզում է՝ կա՞ն արդյոք հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ պայթյունից տուժածների ցանկում:

«Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում հունվարի 24-ին, ժամը 16:40-ի սահմաններում (Երեւանի ժամանակով ժամը 17:40-ին) պայթյուն է եղել: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործի է գցել մահապարտ-ահաբեկիչը: Զոհերի թիվը հասնում է 31-ի:

«Դոմոդեդովոյի» պաշտոնական կայքում հաղորդվում է, որ հետաձգվում են չվերթները Հայաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Թուրքիայից, Վիետնամից: