Տաքսիների վարորդները, ովքեր աշխատում են Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի մոտ, բարձրացրել են իրենց ծառայությունների արժեքը հասցնելով 10-20 հազար ռուբլու (335-670 դոլար):

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, «Դոմոդեդովո» օդանավակայանի մուտքի մոտ  մարդկանց ամբողխը խցանում է առաջացրել, որտեղ կանգնած են շտապօգնության եւ ԱԻՆ ավելի քան 20 մեքենաներ: Ականատեսների վկայությամբ, մեքենաներին թույլ չեն տալիս մոտենալ օդանավակայանի կայանատեղիին:

Նշենք, որ Մոսկվայի տաքսիստները նմանատիպ վարքագիծ էին դրսեւորել նաեւ 2010-ի մարտին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում հունվարի 24-ին, ժամը 16:40-ի սահմաններում (Երեւանի ժամանակով ժամը 17:40-ին) պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործի է գցել մահապարտ-ահաբեկիչը: Զոհերի թիվը հասել է 35-ի, իսկ վիրավորներինն անցնում է 130-ից:

Հայաստանի ԱԳՆ-ն ներկայումս պարզում է՝ կա՞ն արդյոք հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ պայթյունից տուժածների ցանկում:

«Դոմոդեդովոյի» պաշտոնական կայքում հաղորդվում է, որ հետաձգվում են չվերթները Հայաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Թուրքիայից, Վիետնամից:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով: