Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացի է զոհվել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում ահաբեկչական պայթյունի ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: «Մեծ Բրիտանիայի առնվազն երկու քաղաքացի եղել են պայթյունի կենտրոնում»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից վիրավորվածների թվում բացի 42-ամյա Կարեն Միխայիլի Գալուստյանից, կան եւս երկու հայեր. 58-ամյա Յուրի Ալբերտի Վարդանովը եւ 65-ամյա Գուրյան Վարդանի Խաչատուրովը:

Կարեն Գալուստյանն, ամենայն հավանականությամբ Ռուսաստանի քաղաքացի է, ում վիճակը գնահատվում է «միջին ծանրության»: 58-ամյա Յուրի Ալբերտի Վարդանովի եւ 65-ամյա Գուրյան Վարդանի Խաչատուրովի քաղաքացիությունը ճշտվում է:

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում, հունվարի 24-ին Երեւանի ժամանակով 17։ 40-ին պայթյուն է որոտացել։ Ներկա պահին հաղորդվում է 35 զոհի եւ 140 վիրավորի մասին։  

Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։ Պայթյունի տեղանքում տղամարդու գլուխ է հայտնաբերվել։ Իրավապահները ենթադրում են, որ այն պատկանել է պայթյունն իրականացրած մահապարտին, ով գտնվել է ժամանողներին դիմավորողների խմբում։ Պայթյունը համարժեք է եղել 7 կգ տրոտիլի, պայթուցիկում կտրող-ծակող մետաղական իրեր են եղել։