Քաղաքապետարանի կողմից բացօթյա առեւտրի արգելման դեմ բողոքող քաղաքացիներից ոմանց համաձայնել են տեղափոխվել մինի շուկաներ եւ իրենց առեւտուրն այդտեղ կազմակերպել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի առաջ այսօր՝ հունվարի 24-ին, ինչպես նաեւ նախօրեին  տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Արմեն Սարգսյանը՝ նրանց առաջարկելով տեղափոխվել մոտակա մինի շուկաներ։

«Մասնավորապես Երեւանի Գնունու փողոցի մայթերին անօրինական առեւտրով զբաղվողների 70 տոկոսն արդեն տեղափոխվել է շուկա։ Նմանտիպ տվյալներ ունենք նաեւ Աջափնյակ  եւ Արաբկիր վարչական շրջաններում  բացօթյա առեւտուր իրականացնողների վերաբերյալ.  նրանցից շատերը նույնպես  համաձայնել են եւ տեղափոխվել մինի շուկաներ»,-նշեց Սարդարյանը։

Նկատենք, որ բողոքի մասնակիցները Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հարցրել են, թե ինչո՞ւ քաղաքապետարանը նախապես չի զգուշացրել առեւտրի կազմակերպումը  դադարեցնելու որոշման մասին: Շուշան Սարդարյանի հավաստմամբ՝ առեւտրականները նախապես զգուշացված են եղել քաղաքապետարանի որոշման մասին։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է այդ որոշումը կյանքի կոչվում հենց այժմ՝ հունվար ամսին, ապա, քաղաքապետի մամուլի խոսնակի խոսքով, հունվարը համարվում է առեւտրի իրականացման պասիվ շրջան։  «Այս ընթացքում բացօթյա առեւտուր իրականացնողները կտեղափոխվեն մինի շուկաներ, եւ մինչեւ առեւտրի բուռն շրջանի սկսվելը կկարողանան հարմարվել նոր միջավայրին»,-ասաց Սարդարյանը։  

Նշենք, որ մայրաղաքաքի վարչական շրջաններին կից ներկայումս գործում է գյուղմթերքների 11 եւ 10 մինի շուկա։