Հայտնի են դարձել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած մահապարտի վերջին խոսքերը: «Ես ձեզ բոլորիդ կսպանեմ»,- նախքան պայթեցվելը բղավել է ահաբեկիչը, գրում է Lenta.ru-ն` հղում անելով «Вести»-ին:

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում, հունվարի 24-ին Երեւանի ժամանակով 17:40-ին պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է 35 զոհի եւ 180 վիրավորի մասին։  

Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։ Պայթյունի տեղանքում հայտնաբերվել է արաբական արտաքինով, 30-35 տարեկան տղամարդու գլուխ: Իրավապահները ենթադրում են, որ այն պատկանել է պայթյունն իրականացրած մահապարտին, ով գտնվել է ժամանողներին դիմավորողների խմբում։ Պայթյունը համարժեք է եղել 7 կգ տրոտիլի, պայթուցիկում կտրող-ծակող մետաղական իրեր են եղել:

Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից վիրավորվածների թվում կան երեք հայեր` 42-ամյա Կարեն Միխայիլի Գալուստյանը, 58-ամյա Յուրի Ալբերտի Վարդանովը եւ 65-ամյա Գուրյան Վարդանի Խաչատուրովը: