«Սասնա ծռերի» անդամ Արթուր Սողոմոնյանի խափանման միջոցը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին եւ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր նորքի նստավայրում այսօր՝ հունիսի 14-ին, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ այսուհետ Արթուր Սողոմոնյանը պարտավոր է պարտաճանաչ ներկայանա դատական նիստերին:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ պաշտպան Տիգրան Հայրապետյանը քննչական գործողությունների էր մասնակցում:

Նշենք, որ այսօր դատական նիստին ներկա էր նախօրեին ազատ արձակված  Ժիրայր Սեֆիլյանը, ով ողջունեց Արթուր Սողոմոնյանին: