Թերթը նշում է, որ վերջերս սոցիոլոգներն անցկացրել են հարցումներ, որոնց նպատակն էր պարզել գիտության հեռանկարների մասին այս ոլորտում աշխատողների կարծիքը։

«Ստացված պատասխաններն առանձնապես անսպասելի չէին։ Հարցման ենթարկվածների ավելի քան 90 տոկոսը անհրաժեշտ է համարում էականորեն ավելացնել հայրենի գիտության ֆինանսավորումը, 67 տոկոսը՝ արմատապես փոփոխել հասարակության շրջանում նրա նկատմամբ վերաբերմունքը, 38 տոկոսը՝ ընդունել եւ իրականացնել գիտության եւ գիտարար արտադրության զարգացման խթանմանն ուղղված օրենքները։

Հարցման ենթարկվածների մոտ 30 տոկոսն առաջարկել է այլ տարբերակներ, ինչպիսիք են՝ «ամրապնդել գիտության եւ բիզնեսի կապը», «զարգացնել գիտարար տեխնոլոգիաները», «բարձրացնել գիտության վարկը երիտասարդության շրջանում», «փոփոխել գիտության արդյունավետության գնահատման համակարգը», «բարձրացնել գիտնականների սոցիալ-քաղաքական ակտիվությունը», «մշակել գիտատեխնիկական քաղաքականության հստակ մարտավարություն» եւ այլն։

Ընդհանուր առմամբ մեր գիտական հանրությունը բոլոր չարիքների արմատ է համարում աղքատիկ ֆինանսավորումը, որը բացարձակապես անհամեմատելի է զարգացած երկրներում գիտության ֆինանսավորման հետ։ Իսկ «էժան, բայց լավ» գիտություն ստեղծելու փորձերը, որը ոչ թե պահանջում, այլ բերում է փող, ընկալվում են իբրեւ ուտոպիա։

Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ հարցման ենթարկվածներից ոչ մեկը որպես հայրենի գիտության վիճակի բարելավմանն ուղղված միջոց չի նշել գիտական հաստատությունների քանակի կրճատումը կամ դրանց սեփականաշնորհումը։ Փոխարենը հնչել են «բարեփոխումը դադարեցնելու» առաջարկներ, որի շարժառիթները հաճախ կապված էին ոչ թե հայրենի գիտության վիճակը բարելավելու, այլ դրա սեփականության հանդեպ անառողջ հետաքրքրության հետ»,- նշում է թերթը։