Ինչպես փոխանցում են թերթի ԵԽԽՎ աղբյուրները, այս ուրբաթ ԵԽԽՎ Բյուրոն որոշելու է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը պետք է վերաբացվի։ Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին օրն այս կառույցի նախագահի պաշտոնում վերընտրված Մեվլութ Չավուշօղլուն իր ասուլիսում հայտարարել է. «Մենք ցանկանում ենք վերականգնել ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը։ Ինչպես գիտեք, 2005 թվականին ԵԽԽՎ-ն ընդունել է հակամարտության վերաբերյալ թիվ 1416 բանաձեւը։ Մեր նպատակը ենթահանձնաժողովի շրջանակներում այդ բանաձեւի իրականացումն է։ ԵԽԽՎ Բյուրոն այդ հարցի վերաբերյալ հստակորեն արտահայտել է իր կարծիքը»։
ԵԽԽՎ թիվ 1416 բանաձեւով, ինչպես հայտնի է, պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել «գրավյալ տարածքներից»։ Երեկ Չավուշօղլուն էլ պաշտոնապես հայտարարել է, որ ենթահանձնաժողովի հարցը, ինչպես եւ նախապես որոշած են եղել ԵԽԽՎ ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունները, այս ուրբաթ ներկայացվելու է Բյուրոյի լիագումար նիստում։ «Բյուրոն որոշում կընդունի ենթահանձնաժողովի գործունեության վերականգնման մասին եւ նրա համար նախագահ կընտրի»,– ասել է ԵԽԽՎ նախագահը։





























