Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն Վրաստանի իշխանությունների վերաբերմունքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ «բարբարոսական» է անվանել:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», «Ասավալի դասավալի» թերթին տված հարցազրույցում Շեւարդնաձեն ընդգծել է, որ եթե պաշտոնական Թբիլիսին չփոխի իր դիրքորոշումը Աբխազիայից եւ Հարավային Օսիայից բռնի տեղահանվածների նկատմամբ, դա կարող է կործանարար ազդեցություն ունենալ ողջ երկրում:

«Եթե ժողովուրդը ապստամբի, դա վատ կլինի ոչ միայն նախագահ Սահակաշվիլիի, այլ նաեւ կործանարար կլինի ողջ Վրաստանի համար»,- ասել է նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մի քանի տասնյակ փախստականներ, ընդդիմադիր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի խորհրդարանի դիմաց: Իշխանությունները որոշել են փախստականներին վտարել մայրաքաղաքից եւ կացարաններ տրամադրել շրջաններում: