Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից «Դոմոդեդովո» չվերթներն իրականացվում են առանց ժամանակացույցի խախտման: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը՝ հավելելով, որ հունվարի 25-ին օրվա ընթացքում «Արմավիա» եւ «Սիբիր» ավիաընկերությունների օդանավերը պարբերաբար չվերթներ են իրականացնում Երեւանից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ: Չվերթների եւ օդանավակայանի փոփոխություն նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ժամը 16:32-ին (Երեւանի ժամանակով 17:32-ին) Երեւանում վայրէջք է կատարել «Դոմոդեդովո»-ից ժամանած օդանավը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, հունվարի 24-ին ժամը 16:32-ին (Երեւանի ժամանակով 17:32-ին) պայթյուն է որոտացել Մոսկվայի «Դոմոդեդեվո» օդանավակայանում: Զոհերի թիվը հասել է 35-ի: Հաղորդվում է 180 վիրավորների մասին: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչական ակտ» հոդվածի հատկանիշներով: