Երեւանի «Արմենալ» գործարանը սեփական ուժերով վերականգնել եւ արդյունաբերական շահագործման է հանձնել փայլաթիթեղի հատման եւ շերտազատման գերարդյունավետ մեքենան: Այդ մասին տեղեկացնում են գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ամերիկյան արտադրության մեքենան, որն ունակ է միաժամանակ կատարել երկու գործողություն, «ԱՐՄԵՆԱԼ»-ում տեղադրվել է համալիր արդիականացման ընթացքում, սակայն արտադրողները չեն կարողացել գործարկել այն, իսկ հնարավոր կապալառուները մեքենայի գործարկման համար պահանջել են մինչեւ 1 մլն դոլար:

Այս խնդիրը լուծել են «ԱՐՄԵՆԱԼ»-ի աշխատողները. ձեռնարկությունում առկա պահուստային մասերից նրանք վերականգնել են մեխանիկական եւ էլեկտրական մասերը, մշակել կառավարման համակարգի նախագիծը եւ ծրագրային ապահովումը: Դրա համար ծախսվել է ընդամենը 80 հազար դոլար:

Վերականգնված մեքենան փոխարինում է տարբեր արտադրամասերում առանձին գործառող փայլաթիթեղի հատման և շերտազատման մեքենաներին:

Գրեթե 3 անգամ ավելացել է հատման արագությունը, կրճատվել է էլեկտրաէներգիայի բացարձակ եւ տեսակարար ծախսը: Նորացված մեքենայի եւս մեկ կարեւոր առավելությունը տեխնոլոգիական թափոնների նվազումն է, քանզի վերացել է գլանների ծայրերի կրկնակի հատման անհրաժեշտությունը` յուրաքանչյուր կողմից 10-20մմ, ինչը բարձրացրել է պիտանի արտադրանքի թողունակության գործակիցը մինչև 0,5 տոկոս:

Մեքենայի արտադրողականությունը հասնում է օրական 28-30 տոննա փայլաթիթեղի, որը  2 անգամ բարձր է հատման սովորական մեքենաների համանման ցուցանիշներից եւ կազմում է գործարանի արտադրանքի օրական նորմայի 30-35 տոկոսը: Արտադրության գծով գործարանի տնօրինության հաշվարկով 3 նման մեքենաները կարող են լիովին լուծել գլանների հատման հարցը: