Երեւանում այսօր՝ հունվարի 25-ին իր աշխատանքներն է սկսել ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող «Համատեղ ձգտում 2011» զորավարժության պլանավորման համաժողովը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիո սարքավորումների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում: Զորավարժության պլանավորման երեւանյան համաժողովին մասնակցում են 38 երկրների շուրջ 250 պատվիրակներ:

Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Սկսելով իր ելույթը` Դ.Տոնոյանը նախ դատապարտել է Մոսկվայում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, այնուհետեւ անդրադարձել համաժողովի աշխատանքներին եւ արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին: Համաժողովն իր աշխատանքները շարունակելու է մինչեւ հունվարի 28-ը: