Կառավարությունն այս տարի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթեւանների ժամանակավոր կացարանին կտրամադրի 69 մլն դոլար՝ նախորդ տարվա 54 մլն դոլարի դիմաց։ Հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը։
«Հատկացվելիք գումարի չափի ավելացումը պայմանավորված է սննդամթերքի թանկացման եւ կացարանի համար նոր գույքի ձեռքբերման անհրաժեշտության հետ։ Ընդ որում, անօթեւանների կացարանի յուաքանչյուր բնակչի օրական կտրվածքով բաժին է հասնում 2500 դրամ, որից 1160 դրամը՝ 3-անգամյա սննդի, մնացած գումարը՝ հարակից ծախսերի՝ բուժօգնության, անկողնային պարագաների, հագուստի եւ այլնի համար»,- տեղեկացրեց Անահիտ Գեւորգյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթեւանների ժամանակավոր կացարանի փօխտնօրեն Արթուր Մարկոսյանն իր հերթին ավելացրեց, որ 2006 թվականից գործող կացարանը մինչ այժմ սպասարկել է 1260 անօթեւան մարդու։ «Ընդ որում, մեր կացարանը նախատեսված է առավելագույնը 60 մարդու համար։ Նրանցից յուրաքանչյուրը մեզ մոտ կարող է մնալ մինչեւ 60 օր։ Դրանից հետո մեր հոգեբանները, իրավաբաններն ու սոցիալական աշխատողները որոշ մարդկանց օգնում են վերադառնալ ընտանիք, տարեցներին տեղավորվում են տուն-ինտերնատներում, երիտասարդներից ոմանց աջակցում են աշխատանք գտնելու հարցում»,- պատմեց Արթուր Մարկոսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ 2010 թվականի ընթացքում իրենց ջանքերով հարազատների մոտ է վերադարձել եւ տուն-ինտերնատներում տեղավորվել 6-ական մարդ, ամուսնացել է 2 զույգ, աշխատանքներ են իրականացվել նաեւ կացարանի բնակիչների համար անձնագիր եւ այլ փաստաթղթեր ձեռք բերելու ուղղությամբ։





























