Թեպետ դժվար է ասել, թե Երեւանում եւ հանրապետության մարզերում քանի անօթեւան կա, սակայն մոտավոր հաշվարկներով մայրաքաղաքում եւ Գյումրիում ամեն օր փողոցում գիշերում է հարյուրական մարդ։ Հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը։
«Այստեղից հետեւություն, որ անօթեւանների ժամանակավոր կացարան կառուցելու անհրաժեշտություն  կա նաեւ հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ անօթեւանների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես միջահասակ մարդիկ՝ ընդ որում, կանանց եւ տղամարդկանց հարաբերակցությունը գրեթե հավասար է։

Գեւորգյանի խոսքով, թեպետ Երեւանում նման հիմնարկ արդեն գործում է, սակայն  այն  շատ փոքր է եւ տեղավորում է ընդամենը 60 մարդու։ «Թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթեւանների ժամանակավոր կացարանում դժվարություններ ծագում են հատկապես ձմեռային ամիսներին։ Այս ժամանակահատվածում կացարան դիմողների թիվը կտրուկ աճում է։ Ստիպված ենք լինում հաճախ նոր մահճակալներ տեղավորել։ Ամեն տարի բարձրաձայնում  ենք նոր՝ ավելի մեծ կացարան կառուցելու անհրաժեշտության մասին, սակայն առայժմ այս առումով  որեւէ նոր բան չկա։ Բացի այդ, ունենում ենք միեւնույն անօթեւանի կողմից մեզ կրկնակի դիմելու բազմաթիվ դեպքեր՝ դրանք կազմում են շուրջ 50 տոկոս։ Մինչդեռ հիմնովին կարողանում ենք լուծել մեզ դիմած 20-25 տոկոս մարդկանց խնդիրները՝ կապված աշխատանքի տեղավորման, փաստաթղթերի ձեւակերպման եւ այլ հարցերի հետ»,- նկատեց նախարարության աշխատակիցը։

Անահիտ Գեւորգյանի խոսքով, յուրաքանչյուր անօթեւան մինչեւ անօթեւանների ժամանակավոր կացարանում տեղավորվելը պարտադիր բժշկական զննություն է անցնում, սուր վարակիչ հիվանդությունների առկայության  դեպքում ուղեգրվում բուժման եւ նոր միայն վերադառնում ժամանակավոր կացարան։ «2010-ին, օրինակ, տարբեր բուժհիմնարկներ ենք ուղեգրել 17 մարդու»,- նշեց նա։

Վերջում սոցապ նախարարության աշխատակիցը հավաստիացրեց, որ իրենք, գոնե եռամսյակը մեկ, մոնիթորինգ են անցկացնում անօթեւանների ժամանակավոր կացարանում, ծանոթանում այն տեղ բնակվող մարդկանց խնդիրներին։

Նշենք,որ ըստ վիճակագրության, այսօր Հայաստանում կա անօթեւան շուրջ 60 հազար մարդ։