Ցանցի որակի շնորհիվ Ucom-ը ոչ միայն օպերատոր է, այլեւ թվային ընկերություն, որը հաճախորդներին սերվերային ծառայություններ է առաջարկում: Այս մասին հունիսի 16-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Այդպիսով, ընկերությունը թվային ծառայություններ է առաջարկում սթարթափերին:

Ըստ նրա՝ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատմամբ՝ Ucom-ի ցանցը տեխնիկական մի քանի չափորոշիչներով համապատասխանում է արտասահմանյան անալոգներին, որոնք սեփական ցանցը ստեղծելիս օրինակ են ծառայել ընկերության համար:

«Մեր ցանցը՝ ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային, արտասահմանյան ցանցերի համեմատ մի քանի առավելություն ունի: Ինչո՞ւ օգտվել արտասահմանյան ընկերությունների սերվերներից, եթե մենք նույնպես ունենք»,- նշեց Ucom-ի գլխավոր տնօրենը:

Հայկ Եսայանի խոսքով՝ ժամանակն է կոտրել կարծրատիպը, որ եթե ցանցը հայկական է, այն անպայման պետք է խնդիրներ ունենա, եւ հարկավոր է օգտագործել արտերկրի ընկերությունների սերվերները:

«Պետք չէ արտադրանքն արտասահմանյան սերվերներում տեղադրել: Նախ՝ հեռու է, երկրորդ՝ թանկ է, եւ երրորդ՝ մեզ մոտ անվտանգության ապահովվածությունն ավելի լուրջ մակարդակի վրա է»,- նշեց ընկերության գլխավոր տնօրենը:

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղադրված կոնտենտը Եվրոպայում եւ Ասիայում ավելի արագ է ներբեռնվում՝ երկրի աշխարհագրական դիրքի շնորհիվ: Նույն Ասիայում ավելի հարմար է կոնտենտ ներբեռնել Հայաստանից, քան Եվրոպայից, քանի որ հեռավորությունը կրկնակի կարճ է:

«Ակնկալում ենք, որ ՏՏ ոլորտի սթարթափերն իրենց արտադրանքը Հայաստայում կտեղակայեն, իսկ առաջխաղացումը կիրականացնեն արտերկրում»,- նշեց գլխավոր տնօրենը: