Բնապահպանության նախարարությունն այս տարի նախատեսում է Սեւանա լճում իրականացնել էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում ծրագիրը, որի շրջանակներում Սեւանա լիճ է բաց թողնվելու 166,7 հազար հատ Գեղարքունի եւ 200 հազար հատ ամառային իշխան մանրաձուկ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ ներկայացնելով նախարարության 2011 թվականի անելիքները։ Նա նշեց, որ կշարունակվեն կատարելագործվել կենդանիների արտահանման ընթացակարգերը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանում աճեցված ձկնատեսակների արտահանման ծավալների ավելացման համար:
Բացի այդ, նախարարի խոսքով, աշխատանքներ են տարվելու նաեւ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ տարածքները մաքրելու ուղղությամբ։ «Այս տարի ներդրումների ընդհանուր ծավալը «Սեւան ազգային պարկ»-ի եւ դրա ենթակառուցվածքների ուղղությամբ կազմելու է 662,7 մլն դրամ»,-հայտարարեց նախարարը։
Բնապահպանության նախարարությունը նախատեսում է լուծել որոշ բնակավայրերում առկա ջրի խնդիրը, որի համար կծախսվի 100 միլիոն դրամ։




























