Եթե հետաքննությունների արդյունքում պարզվի, որ հիջաբ կրելու հարցի առնչությամբ Բաքվում կազմակերպված բողոքի ակցիաներին միգրանտներ են մասնակցել, համապատասխան կառույցների կողմից անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն։ Ինչպես հայտնում է ադրբեջանական Trend-ը, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության մամուլի ծառայությանն այս մասին հայտնել է Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքների պետական կոմիտեի նախագահ Հիդայատ Օրուջեւը։

Նրա խոսքով, որոշ մարդիկ փորձում են ինչ-ինչ նպատակներով օգտագործել դպրոցներում միանման համազգեստի ներմուծման որոշումը՝ օգտվելով այն հանգամանքից, որ սուրբ ամիսներին մարդիկ ավելի զգայուն են դառնում։

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում՝ Ադրբեջանի կրթության նախարարության շենքի առջեւ, չարտոնված բողոքի ցույց էր իրականացվել՝ կապված ուսումնական հաստատություններում հիջաբ կրելն արգելելու հետ։ Ոստիկանական բաժանմունք էին տարվել ցույցի 16 մասնակիցներ, որոնցից հինգն ազատ էին արձակվել, 11-ի գործերն ուղարկվել էին դատարան։