Բնապահպանության նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է Երեւանի դելֆինարիումի գործունեությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 25-ին հայտարարեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:  

Ըստ նախարարի՝ ուսումնասիրություններ են իրականացվում ինչպես կենդանիների՝ դելֆիններ, փոկեր, այնպես էլ դրանց պահման պայմանների ուղղությամբ։

Չնայած բնապահպանների մտահոգություններին՝ Արամ Հարությունյանը հավաստեց, որ մինչ այսօր դելֆինարիումի շահագործման մասով խախտումներ չեն արձանագրվել:

Նշենք, որ բնապահպանները բողոքում են դելֆինների շահագործման դեմ, միաժամանակ նշելով, որ դելֆինները պահվում են ոչ նպաստավոր պայմաններում։ Մասնավորապես՝ ավազանի ջուրը, որտեղ պահվում են կաթնասունները, այնքան է հագեցած քլորով, որ կարող է դելֆինների կուրացման պատճառ դառնալ: